Ֆրանսիացի քննիչները հայտարարել են, որ գերմանական Lufthansa ավիաընկերությանը պատկանող Germanwings ընկերության երկրորդ օդաչուն «միտումնավոր է կործանել» ինքնաթիռը:
Մարտի 24-ին Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus 320 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել: Ինքնաթիռի ուղևորները և անձնակազմը՝ 150 մարդ, զոհվել էին:
Հղում անելով օդաչուների խցիկում գտնվող սև արկղի ձայնագրությունների վերծանմանը՝ քննիչ Բրայս Ռոբինը մարտի 26-ին հայտարարել է, որ երկրորդ օդաչուն միտումնավոր սկսել է իջեցնել ինքնաթիռը: Մինչ այդ ինքնաթիռի հիմնական օդաչուն լքել էր օդաչուների խցիկը, իսկ վերադառնալիս՝ չէր կարողացել ներս մտնել, քանի որ դուռը կողպված էր եղել: Ռոբինը հավելել է, թե երկրորդ օդաչուն ողջ է եղել մինչև ինքնաթիռի անկումը:
Ֆրանսիայի հարավում կործանված օդանավի ավիաաղետի հետաքննության աղբյուրները նշանակալի բացահայտում են արել երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի տանը՝ փոխանցում է The Mirror-ը։ Իրավապահներն ընդգծում են, որ իրենց հայտնաբերած առարկան մահից առաջ արված գրություն չէ, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից։ Դյուսելդորֆի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հայտնաբերված առարկան կարող է «ապացույց» լինել։ Քննության վարկածով՝ Լուբիցը փակվել է խցում և ուղղել ինքնաթիռը դեպի լեռան լանջը։ Հայտնվել են վկայություններ, որ երկրորդ օդաչուն ընկճախտի մեջ է եղել։